Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Արմեն Գալստյան. կյանքը հայրենիքին զոհաբերած երիտասարդը Սալվարդից

Մայիսի 22, 2022

Արմեն Անդրանիկի Գալստյան.  ծնվել է 1998 թ. մարտի 24-ին Սալվարդում:

Սովորել է Սալվարդի հիմնական,  Հացավանի միջնակարգ դպրոցներում: 2016-ին զորակոչվել է բանակ, ծառայել  է Ասկերանի  զորամասում:

Արմեն Գալստյանի ծնողները՝ Անդրանիկը և Սվետլանան,  հաշմանդամներ են:

Նահատակված որդու մասին տիկին Սվետլանան պատմում է անշտապ, փորձում է զսպել արցունքները, բառեր գտնել. «Ճակատագիրը մեր նկատմամբ շատ դաժան գտնվեց: Արմենը մեր միակ հույսն էր, միակ որդիս: Մի աղջիկ էլ ունեմ, բայց գիտեք՝ հայի ընտանիքի շարունակողը որդին է:

Երբեք չի տրտնջացել, սիրով է խնամել մեզ: Միշտ ժպիտը դեմքին, աշխատասեր, համբերատար:

Մանկուց տարբերվում էր իր հոգատարությամբ ու մարդասիրությամբ: Նա հոգատար որդի էր, իսկական որդի:

Օգնելու մոլուցք ուներ, եթե  մեկը մի խնդրանքով դիմում էր, չէր էլ սպասում, որ խոսքն ավարտեր, գործի տիրոջից շուտ էր գործին կպչում:

Բանակում էլ իր աշխատասիրությամբ, հարգալից վերաբերմունքով կարողացել էր կարճ ժամանակամիջոցում սիրված զինվոր դառնալ: Հրամանատարներից բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր եմ ստացել: Ծառայության ժամանակ նաեւ պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» շքանշանով:

Շատ նպատակներ ուներ, մենք էլ իր նպատակների ու երազանքների իրականացման սպասումով էինք ապրում, բայց...

Սեպտեմբերի 27-ին ստացավ զորահավաքի ծրարը: Փորձում էինք համոզել, որ չգնա, մեր մենակ մնալն էինք ընդգծում, բայց անդրդվելի էր: Պնդում էր, որ բոլորը պիտի գնան: 

Սկզբում Նորավանի զորամասում էր, հետո Մեղրիում: Հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Ջրական:

Հոկտեմբերի 15-ին վերջին անգամ հեռախոսով խոսեցինք հետը, ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, որ շուտով վերադառնալու է: Հետո կապն ընդհատվեց:

Կյանքը կանգ է առել հոկտեմբերի 15-ի վրա: Հիմա ապրում ենք նրա նկարի հետ զրուցելով, աղոթելով ու կարոտելով...»:

2020 թ. հոկտեմբերի 15-ին Արմենն անմահացել է:

Արմեն Գալստյանի աճյունն ամփոփվել է Սիսիանի զինվորական պանթեոնում՝ 2020 թ. հոկտեմբերի 17-ին:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՝ հետմահու:


 «Սյունաց երկիր»