Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Երկինք էր նայում․ լաց չէր լինում, չէր գոռում, չէր շարժվում․ 44-օրյա պատերազմի 8-ամյա զոհի պատմությունը

Ապրիլի 25, 2024

Գևորգյանների ընտանիքում դժբախտությունը վրա հասավ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի առաջին օրը զոհված ութ տարեկան աղջնակի մայրը Sputnik Արմենիային պատմել է ընտանիքի ողբերգության մասին։

Արդեն մեկ տարի է` Գևորգյանների ընտանիքում չի լսվում միջնեկ դստեր՝ Վիկտորյայի զրնգուն ծիծաղը։ Ութամյա ուրախ և աշխույժ աղջնակը, ըստ էության, Արցախում 44-օրյա պատերազմի առաջին զոհը դարձավ։

Աղջկա ծնողները՝ Անահիտն ու Իգորը, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան արթնացան կրակոցների ձայնից։ Հասկացան, որ պատերազմ է սկսվել, պետք է տանել երեխաներին։ Հանկարծ փոքրիկ Վիկան դուրս վազեց՝ «երկաթե թռչուններին» (խմբ․՝ ԱԹՍ) տեսնելու։

«Նա հաճախ էր դրանք տեսնում երազում,-պատմում է Անահիտը,-վերջին օրերին Վիկան անընդհատ խոսում էր «երկաթե ծիտիկների» մասին և պնդում, որ նրանք ուզում են տանել իրենց»։

Աղջնակը նոր էր բակ դուրս եկել, երբ նրանց տնից ոչ հեռու պայթյուն որոտաց։ Վիկտորյան և նրա հետևից դուրս վազող մայրը՝ երեխան գրկին (փոքր եղբայրն էր՝ Արծվիկը), բեկորային վնասվածք ստացան։
Խառնաշփոթ սկսվեց, խուճապ, քաոս։ Աղջիկը արյան մեջ կորած էր և հազիվ էր շնչում։ Միմյանց օգնելով` նրանք հասան մեքենային՝ հույս ունենալով արագ հասնել մոտակա հիվանդանոց։ Բայց հենց որ Վիկային պառկեցրին մեքենայի մեջ, նա դադարեց շնչել։ Անահիտը շարունակում էր նրան արհեստական շնչառություն տալ, կարծում էր՝ դուստրը գիտակցությունն է կորցրել և ուր որ է ուշքի կգա։

«Երկինք էր նայում․ լաց չէր լինում, չէր գոռում, չէր շարժվում։ Նա անմեղ, բարի, ուրախ երեխա էր, նա չպիտի զոհվեր։ Ես կյանքս կտայի, որ Վիկան ապրեր»,-ասում է կինը։

Մի քանի ժամ անց Վիկայի մահվան լուրը տարածվեց ամբողջ Հայաստանում։ Համացանցում լուսանկար հայտնվեց՝ հիվանդանոցի մահճակալին պառկած վիրավոր փոքրիկ, կողքին հայրը՝ ձեռքը բռնած։ Լուսանկարում Վիկայի կրտսեր եղբայրն էր՝ Արծվիկը, և նրանց հայրը՝ Իգորը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։