Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, կամավորական Հուսիկ Հովակիմյանը կդառնար 28 տարեկան

Ապրիլի 25, 2024

Ապրիլի 23-ը անմահ հերոս, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմների մասնակից, կամավորական ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 28 տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հուսիկը ծնվել է 1996 թվականին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում։ Անմահ հերոսի քույրը ՇՈՒՇԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.

«Եղբայրս 2014-2016թթ. ծառայել է Արցախի հարավում Ջրականում։ Ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել լավագույն կողմերով, արժանացել շնորհակալագրերի և պատվոգրերի։ Հուսիկը մասնակցել է 2016-ի Ապրիլյան քառօրյա առճակատմանը, 2020-ին Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։ Սեպտեմբերի 28-ին մեկնել է Ջրականի առաջնագիծ։ Անզիջում պայքարել է ոսոխի դեմ, մասնակցել նաև Հադրութի համար մղված ծանր մարտերին։ Հոկտեմբերի 21-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելիս հերոսաբար զոհվել է։

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության և խիզախության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության», իսկ ԱՆ նախագահի հրամանագրով հետմահու «Արիության համար» մեդալներով։ Իմ շատ սիրելի եղբայր, դու սրբազան խենթ էիր, հայի այն աննման, լուսավոր, մաքրամաքուր, արժանապատիվ հզոր տեսակը, որի անձնազոհն ու նվիրումն է հային պահել դարեդար։ Քո բացակայությունը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի լրանա անգամ ապագայում, այսպիսիք երբեք չեն ծնվում նորից։ Սպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուր»....

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։