Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

Մարտի 09, 2024

 Մեր պատմության դժվարին ու ճակատագրական պահերին հայ կինը երբեք անմասն չի մնացել մեր գոյապայքարից՝ փաստելով հայուհու քաջության, հերոսության ու նվիրումի մասին: Շատ հայուհիներ են ֆիդայիների հետ կռվել թշնամու դեմ եւ կյանքի գնով պաշտպանել հայրենի հողն ու իրենց ձագերին: Թեեւ նրանց մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, սակայն որոշ դեպքերում հայտնի են նրանց սոսկ անունները եւ գործելու վայրերը: Այսպես՝ Սարգիս Կուկունյանի խմբում կռվել է հերոսուհի Մաքոն, Գրիգոր Տեր-Մկրտչյանի խմբում՝ Մարիամ Մակարյանը՝ Մարոն, Մաղզվանում՝ Մարինոսը, Գեւորգ Չաուշի խմբում՝ Ալվառինջցի Խանիկը, Տուրբախի կին Ագապին, այլ առյուծասիրտ հայուհիներ: Սրբանուն այս հայուհիներից ամենահայտնին, սակայն, Սոսե Մայրիկն է՝ Աղբյուր Սերոբի քաջազուն կինը:

Սասունի Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում, տեր Մարգար Դրո-Աստանտուրի հարկի տակ է ծնվել Սոսեն: Բազմանդամ ընտանիքի դեռատի դուստրը տակավին տասներեք տարեկան էր, երբ սասունցի հայերի դրվածքի համաձայն՝ ծնողները ցանկանում են այդ տարիքում ամուսնացնել Սոսեին: Բայց ճակատագիրը նրան այլ բախտ էր տնօրինել՝ կյանքը կապել քաջասիրտ հայդուկի՝ Խչեենց Սերոբի հետ: Նա էր իր երազանքի ասպետը, որի հետ ուս ուսի մարտնչելու էր հայրենի լեռներում՝ արժանանալով ժողովրդական սիրո ու մեծարանքի: Դա է վկայում նրա անվանն հարադիր Մայրիկ պատվանունը:

1898 թ. Բաբշենի կռվից հետո Սոսեն ամուսնու հետ ապաստանել էր Սասունում: Հաջորդ տարի նրանք Գելիեգուզան գյուղում էին ամբողջ ընտանիքով: Ինչ իմանար սարերի ասլան ֆիդային, որ մատնությամբ տեղեկացվել է թուրքերին իր հանգրվանավայրը. 2000 թուրք եւ քուրդ զինվորներ շրջապատել էին Գելիեգուզանը: Իսկ մինչ այդ Հուսեյն էֆենդուց կաշառված Գեղաշեն գյուղի ռես Ավեն, որ վստահություն ձեռք բերելու նպատակով արդեն մի քանի անգամ ուտեստեղենով ու ուրախության ժպիտը դեմքին այցելել էր հայդուկապետին, հասցրել էր անել իր սեւ գործը՝ սպանիչ թույնով պատուհասել էր նրան: Թշմամին, տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվում է գյուղի վրա: Իսկ Սերոբն ընդամենը իր տասներկու զինվորների, կնոջ ու զավակների հետ էր: Անհավասար կռվում զոհվում են Սոսեի զինակից ընկերն ու ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի երկու եղբայրները՝ Մխեն եւ Զաքարը:

Քաջասիրտ հայուհին վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է մարտնչել, սակայն վիրավորվում է եւ այդ վիճակում տարվում Բիթլիս, բայց կարճ ժամանակ անց ազատվում է բանտից: Մինչ այդ Բշարե Խալիլը կտրում է իրենց սարսափը դարձած Սերոբի գլուխը եւ հայերին ահաբեկելու նպատակով ձողի վրա Սասունի լեռներից հասցնում մինչեւ Բաղեշ… Այդ անդառնալի կորուստն ու դավաճանությունն արյունապիղծ Ավեի, նրա ընտանիքի բոլոր անդամների կյանքերով էին հատուցվելու: Հատուցվելու էին Անդրանիկ զորավարի եւ Գեւորգ Չաուշի ձեռամբ: Նույն բախտին էր արժանանալու նաեւ իր ստոր արարքով հայտնի թուրքը՝ Բշարե Խալիլ պղծանվամբ փաշան:

1904 թ. Սասունի հայտնի ապստամբությունից հետո Սոսե Մայրիկը տեղափոխվում է Վան, այնուհետեւ՝ Կովկաս: Ասենք, որ նրա մյուս զավակը՝ Սամսոնը, զոհվում է Կարինում՝ ջարդերի ժամանակ: 1920-ի վերջերին հարազատներին կորցրած հերոսուհին տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այստեղ էլ ութսունհինգ տարեկան հասակում հրաժեշտ է տալիս աստանդական իր կյանքին: Բայց սրբացած նրա աճյունը չէր մնալու օտարության մեջ՝ 1998-ին այն տեղափոխվում է հայրենիք եւ ամփոփվում Եռաբլուրի բարձունքին՝ մայրություն անելու երկնային թագավորության արժանացած բազմահազար իր զինվոր-զավակներին…

armenpress