Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Աղդամի ազատագրումը

Նոյեմբերի 26, 2023

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով, միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը եւ ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ: Աստիճանաբար պարզ դարձավ` քանի դեռ «գայլաորջը» չի վերացել, ԼՂՀ մայրաքաղաքն ու Ասկերանը դատապարտված են: Եվ Շուշիից հետո գերխնդիր դարձավ Աղդամի ազատագրումը:
Սա համաբանակային գործողություն էր. աշխարհագրորեն, Հադրութից բացի, ԼՂՀ բոլոր շրջանները սահմանակից էին Աղդամին, եւ բոլոր պաշտպանական շրջաններն էլ մասնակցեցին նրա ազատագրմանը:

1993-ի ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Թշնամին քաղաքի մատույցները սպասվածի չափ չէր ականապատել, մինչեւ վերջին պահը հուսալով, թե ինքն է անցնելու հարձակման ու թերեւս միայն Շելլին էր բացառություն, որտեղ գրագետ տեղադրված ականադաշտեր կային: Աղդամի գործողության ժամանակ, ի թիվս այլոց, ինքնապաշտպանության ուժերի վեց սակրավոր զոհվեց:
Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողություններ, որոնցից հիշատակելի են հատկապես Աղդամ-Մարտակերտ սահմանագծում մղված հաջող մարտերը, եւ կարեւոր բարձունքների գրավումը: Այդ մարտերում էլ, Մարզիլլու հենակետը ոչնչացնելիս հունիսի 12-ին զոհվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունի պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը: Հուլիսի 20-ին ազատագրվեց Փոլադլուն, որը ճանապարհային կարեւոր հանգույց էր: Թշնամին չէր հաշտվում Աղդամի կորստյան հետ, ինչի վկայությունը Շելլիի մարտերն էին, որտեղ մեր ականները թշնամուն նաեւ զրահատեխնիկայի կորուստներ պատճառեցին:

«Ուղտի մեջք» կոչվող բարձունքից թշնամին հրետակոծում էր Ստեփանակերտը: Չնայած` ինքնապաշտպանության ուժերի հրետանավորների հակադարձ գործողություններին, թշնամին քաղաքին ու զորքերին մեծ վնաս հասցրեց, քանի որ անհնար էր որոշել նրանց կայանքների տեղակայման ճշգրիտ վայրը: Աղդամի գրավման հրետանային ապահովումը դժվարին աշխատանք էր. հրետանավորները շուրջ մեկ ամիս հետախուզում էին իրականացնում:
Հրետանու զգալի մասը դեռ Մարտակերտում էր, եւ հրետանավորները կարողացան այդ կայանքները Կիչանում այնպես տեղաբաշխել, որ կարողանային ե՛ւ հարվածել Աղդամին, ե՛ւ դիմագրավել նաեւ Մարտակերտից հնարավոր հարձակմանը:

Դա բարդագույն գործողություն էր: Եղած հրթիռահրետանային կայանքներն առավել քան քիչ էին նման ընդգրկուն գործողության համար ու կենտրոնական ենթակայության ողջ հրետանին հնարավորինս մոտեցվել էր առաջին գծին: Քանի որ մարտական գործողությունների գոտին մոտ էր Ստեփանակերտին, հրամանատարաշտաբային մեքենաները չմեկնեցին ճակատ, ու հարձակումը կապի կենտրոնական հանգույցից ղեկավարվեց: Համագործակցությունը վաղուց մշակված էր, հրամանատարները գիտեին բոլոր հաճախականությունները եւ անխափան գործող կապ ունեին իրենց զորքերի, կապի կենտրոնական հանգույցի ու մյուս զորամասերի հրամանատարների հետ:
Թշնամուն մոլորեցնելու համար սակրավորները սկզբում պայթեցրին Մարաղայի մոտի կամուրջը, ապա անցնելով դեռեւս լրիվ չազատագրված ու կրակի տակ գտնվող տարածքով, պայթեցրին նաեւ Աղդամ-Մարտակերտ կամուրջը, որպեսզի Միր Բաշիրից սպասվող օգնությունը դանդաղեր եւ բնակչությունն ու զորքը խուճապի մատնվեին: Իսկ Աղդամն ու Մարտունին միմյանց կապող կամուրջը համընդհանուր խուճապի պայմաններում թշնամի՛ն չէր կարողացել պայթեցնել:

Առաջնահերթ խնդիրը «Ուղտի մեջքի» գրավումն էր, առանց որի անհնար էր գրավել Աղդամը: Սկզբում ազատագրվեց Շորբուլաղի բարձունքը, ապա աջ կողմում զարգացնելով հարձակումը եւ դիմելով թեւանցման` ինքնապաշտպանության ուժերը սկսեցին շրջապատել հակառակորդին:
Աղդամի ազատագրման ժամանակ ինքնապաշտպանական ուժերը փայլուն կատարեցին իրենց առաջադրանքը: Իսկ Արթուր Փափազյանը, ինչպես միշտ, գրոհի տարբեր ուղղություններում էր: Կապի ռեժիմի պահպանման եւ խոսակցական աղյուսակների կիրառման միջոցով հաջողվեց լրիվ ապահովել կապի գաղտնիությունը: Քարտեզների թվային տվյալները նախապես ծածկագրվել էին, եւ թշնամին անգամ բաց տեքստով հաղորդակցվելու ժամանակ ոչինչ չէր հասկանում:
Այս գործողությունը վկայեց նաեւ, որ եւ՛ պլանավորման ու կրակի կառավարման, եւ՛ կրակային խոցման ասպարեզներում, կենտրոնական ենթակայության հրետանուց զատ, բարձր մակարդակի է հասել նաեւ ինքնապաշտպանության ուժերի գնդային հրետանին:

152մմ հրանոթների կրակից քաղաքում մեծ հրդեհ բռնկվեց: Մարտիկները հետո միայն հասկացան, որ վառվում էր Ադրբեջանի չորրորդ քաղաքը սնուցող հիմնական գազամուղը: Երբ բարձունքներն ազատագրվեցին, քաղաքը պարզ երեւաց:
Թշնամին փորձեց օդից աջակցել ընկնող քաղաքի պաշտպանությանը, բայց ապարդյուն: Աղդամի ազատագրման գործողության հակաօդային պաշտպանությունն իրականացնում էին երեք «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենաները, որոնք այնպես էին տեղակայվել, որ գործողության շրջագծերը՝ «օղակները» միմյանց մեջ էին: Մարտակերտի կողմից հուլիսի 21-ին ինքնաթիռը եկավ, մի կայանքը հայտնաբերեց ու նրա «օղակից» դեռ դուրս չեկած, մյուս կայանքը խփեց: Իսկ հաջորդ օրը նույն հաշվարկը նույն հատվածում թշնամու ուղղաթիռ ոչնչացրեց:

Այս գործողության ժամանակ առաջին անգամ եւ բավական արդյունավետ կերպով կիրառվեց նաեւ անսարք վիճակում ձեռք բերված ու նախընթաց մի քանի շաբաթների ընթացքում նորոգված ռադիոէլեկտրոնային պայքարի կայանքը:
«Գայլի որջն» այլեւս գրավված էր, ու դիմացը պաշտպանություն էր կազմակերպվում: Հարձակումը սկսելուց 15 օր անց պաշտպանական բնագծերն արդեն կազմավորված էին: Առաջին երկարաժամկետ կրակակետն էլ այս ուղղությունում տեղադրեցին:
Աղդամում խորհրդային ժամանակներում ինժեներական զորամաս էր տեղակայված, որի պահեստներում եղած սպառազինությունն ու զինամթերքը հակառակորդը չէր հասցրել սպառել, նույնիսկ շարժվող ինժեներական տեխնիկան չէր հասցրել տանել, որոնք էլ հետո հաջողությամբ կիրառվեցին Մարտակերտի ճակատում:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

hayzinvor.am