Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Ժպիտը երեսին կռվում էր թշնամու դեմ, ժպիտը երեսին էլ զոհվեց․ զինծառայողի այրի

Նոյեմբերի 18, 2023

 «Դպրոցական էի, երբ ծանոթացա Արամիս հետ։ Սկզբնական շրջանում նրա հետ շփվում էի ծնողներիցս թաքուն։ 2017 թվականին Արամը որպես ժամկետային զինծառայող զորակոչվեց Պաշտպանության բանակ։ Ծառայում էր Մարտունի 3-րդ պաշտպանականում։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արամս կամավորագրվեց, 44 օր շարունակ նա Մարտակերտի տարբեր դիրքերում էր։ 2021 թվականին էլ որոշեց, որ պետք է ծառայի Պաշտպանության բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է զոհված զինծառայողի այրին՝ Մելանյա Իսրաելյանը։

Արամ Իսրայելյանն իրենց տան լույսն էր, նրան մեծացրել էր քույրը՝ Լիդան, քանի որ շատ վաղ էին երեխաները զրկվել մորից։ «Երբ 2022 թվականին ամուսնացանք, Արամն իմ առաջ պայման դրեց, որ շատ երեխաներ պիտի ունենաք։ Իսկ, երբ իմացավ, որ բալիկի ենք սպասում, աշխարհն իրենն էր... Սկզբում ասում էր, որ իր առաջնեկը պիտի տղա լինի, հետո մտափոխվեց՝ ասելով․ «Ես նպատակ ունեմ՝ աղջկաս անվանակոչել քրոջս՝ Լիդայի անունով:

2023 թվականին ծնվեց մեր փոքրիկ Լիդան։ Շատ դժվարությունների միջով անցանք այդ մեկ տարվա ընթացքում, պաճառը բլոկադան էր։ Գումարը ունեինք, բայց նորմալ սնունդ չկար, որ առնեինք»։

Մելանյան այսօր էլ նախընտրում է բլոկադան, նույնիսկ ավելի բարդ ու դաժան օրեր, միայն թե դա լիներ Արցախում ու իր սիրելի ամուսնու կողքին։ «Երանի բլոկադայի մեջ մնայինք՝ իմ Արամի հետ, քան՝ հիմա, երբ ամեն ինչ ունենք, բայց իմ Արամը չկա»:

Մելանյայի խոսքով՝ ամուսինը դիրքերում ավելի շատ էր լինում, քան՝ տանը։ Ծառայում էր Մարտակերտի 5֊րդ պաշտպանականում, մարտական հերթապահություն էր անցկացնում` Մատաղիսի բլոկ պոստում։

«Վերջին անգամ Արամը դիրքեր բարձրացավ սեպտեմբերի 1-ին` խոստանալով, որ սեպտեմբերի 15-ին տուն կգա։ Սակայն, սեպտեմբերի 15֊ին զանգում է և ասում, որ համար մեկ է, չգիտի՝ երբ կիջնի։ Ամեն օր խոսում էինք իրար հետ, ամեն օր ժպիտը տեղն էր, միայն երեխային էր շատ կարոտում։

Սեպտեմբերի 19-ին մինչև 11։30 հասցրել էինք մի քանի անգամ խոսել, ասում էր` լավ եմ, բայց հաստատ գիտեր, որ պատերազմ է լինելու։ Անընդհատ ասում էր, որ այս 2 օրը պատերազմ է սկսելու` զգույշ կլինեք»։ Հենց պատերազմի առաջին օրն էլ զոհվեց Արամը։

Իր հրամանատարի խոսքով` Արամը շատ անվախ էր, առաջիկա մի ժամվա ընթացքում, հասցրել էր ոչնչացնել թշնամու բազմաթիվ կենդանի ուժ։ Ինչպես միշտ` ժպիտը երեսին, կռվում էր թշնամու դեմ, ժպիտը երեսին էլ՝ զոհվեց։

Սեպտեմբերի 28-ին Արամին հողարկավորել են Եռաբլուրում։ Մելանյան և փոքրիկ Լիդան այսօր ապրում են հորաքրոջ՝ Լիդայի վարձակալած բնակարանում։

Լիդան, ով իր փխրուն ուսերին կրել էր մի մեծ ծանրություն՝ մեծացնելով իր քույր և եղբայրներին, այսօր մեծացնում է իր 2 աղջիկներին, որոնց հայրը ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, ինչպես նաև եղբոր ընտանիքի հոգսն է նրա ուսերին։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 055753264: 

oragir.news