Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Արցախը սրտում, Արցախի սրտում

Նոյեմբերի 05, 2023

-Սիրտս սրտիս մեջ է որդի՜ս: Երանի եմ տալիս այն օրերին, որ մինչև հետ զանգես՝ կես մարդ դառնամ: Ամեն բացվող առավոտս գեղեցկանում ու յուրովի էր դառնում քեզանով, քո ժպիտով, քեզ սիրող այնքա՛ն անծանոթ, բայց արդեն հարազատ դարձած գեղեցկուհիներով: Շփոթվում եմ, ծնկի գալիս, կոտրվում, բայց ապտակող ծիծաղդ նորից հուշում է, որ իրավունք չունեմ ...,- 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի մոր՝ Արմինե Հարությունյանի մտորումներն են…

«Ստեփանակերտ» թերթի հերթական անդրադարձը ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, վաշտի բուժակ, 19-ամյա Տիգրան Շահբարյանի մասին է: Տիգրանն Ավանի համար 104 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Քոլեջն ավարտել էր Կարմիր դիպլոմով ու մեկնել ծառայության, որտեղ երեք ամսով վերապատրաստվել էր բուժակի մասնագիտությամբ: Տիգրանը որոշել էր բժիշկ դառնալ: Նրա չիրականացված երազանքներից էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում սովորելն ու վիրաբույժ դառնալը: Ցանկանում էր հմտանալ ֆրանսերեն լեզվի մեջ: Հիանալի մաթեմատիկա գիտեր: Գիրք ընթերցելը նրա սիրած զբաղմունքն էր՝ անգամ ծառայության ամիսներին: Արդեն 17 տարեկանում մոտիվացիոն հոգեբանության թեմաներով գրքեր էր կարդում: Դպրոցում սովորելու տարիներին նա սեր ուներ՝ իր մտքերը թղթին հանձնելու: Իսկ 8-րդ դասարանում գրեց հետևյալ քառատողը.

Երազանքներն են գայթակղել ոմանց,

Նրանք են հեռացել անվերադարձ,

Իսկական հայը պետք է հասկանա՝

Քարերի երկիր ընդմիշտ վերադառնա:

Մոր խոսքով, Տիգրանը շատ հանգիստ բնավորություն ուներ, նա մաքրասեր էր ու կոկիկ: Խստապահանջ՝ նախ և առաջ, իր նկատմամբ: Անգամ համացանցում նկարներ տեղադրելիս, Տիգրանը բծախնդրորեն էր մոտենում՝ նախապատվությունը տալով հաջողված կադրին: Առատաձեռն երիտասարդը սիրում էր իր ունեցած վերջին պատառն անգամ տալ դիմացինին՝ նրան, ով դրա կարիքն ուներ, և իր՝ այդ մոտեցումը, կատակով համարում էր իր միակ թերություն-առավելությունը:

Սիրում էր թղթի վրա գրել իր անելիքները՝ ինչ անի, որպեսզի հաջողության հասնի: Թղթին հանձնած իր երազանքներն այդպես էլ անկատար մնացին, բայց մայրն իր մեջ ուժ է գտել չհանձնվել ու ապրեցնել Տիգրանի երազանքները: Տիգրանի մահից հետո Արմինեն վիշտը փարատում է՝ յուրայինների վիշտը փոքր-ինչ ամոքելով: Նա աշխատանքի է անցել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վստահության գծում՝ հերթով ու համբերատար պատասխանելով հարյուրավոր որդեկորույս մայրերի զանգերին.

-Աշխատում եմ թեկուզ հոգեբանորեն նրանց օգնել: Դժվարությամբ փորձում եմ առաջ գնալ՝ իմ նման ծնողներին օրինակ ծառայելով:

Մորաքրոջ՝ Հերմինեի խոսքով, Տիգրանը յուրահատուկ երեխա էր: Դեռ մանկուց նա աչքի էր ընկնում իր գեղեցիկ արտաքինով ու խոսուն հայացքով: Անցորդների ուշադրությունից չէր վրիպում նրա տեսքը, որին հաջորդում էին հաճոյախոսությունները:

-Ականջումս դեռ շշնջում են Տիգրանի թոթովախոս ու քաղցր լեզվով հնչած բառերը, որոնք ինձ համար դարձել են թանկ հուշեր,- նշում է Հերմինեն՝ շարունակելով՝ առանց տրտնջալու, ծառայում էր Տիգրանս: Ամեն ինչ մտքովս անցնում էր՝ ծառայակիցների հետ հնարավոր վեճ, ամենահանդուգն ծառայողական օրեր, բայց… Տիգրանիս կորստի հետ համակերպվելն անտանելի ցավ է պատճառում՝ փոթորկելով խռովահույզ հոգիս: Դավաճանված լինելու միտքը սարսափեցնում է ինձ, իսկ Արցախից մնացած կես բուռ հողը՝ Տիգրանիս արյունով շաղախված, օր օրի ավելի է հարազատանում:

Հոկտեմբերի 10-ին, երբ Տիգրանը զանգեց ծնողներին՝ տրամադրությունը շատ բարձր էր: Մայրը հիշում է՝ բոլորի հետ հերթով խոսեց: Եթե նախորդ օրերին շատ կարճ էր խոսում, այդ օրը զարմանալիորեն երկար խոսեց: Դա նրա վերջին զանգն էր հարազատներին:

Հաջորդ օրը չլսեցին որդու ձայնը, քանի որ կապ չկար: Հնարավոր բոլոր օղակներից տեղեկացան, որ ամեն ինչ լավ է, ուղղակի կապն է կտրվել: 76 զինվորների ծնողներից տեղեկացան, որ նրանցից և ոչ մեկից լուր չկա: Երկու տարբերակ սկսեց տանջել իրենց՝ կամ բոլորը գերի էին ընկել, կամ բոլորը՝ զոհվել: Բայց նրանցից ոչ ոք՝ ոչ վիրավորների մեջ կար, ոչ՝ զոհվածների, ոչ էլ՝ գերիների: Ամբողջ վաշտն ասես անհետացել էր:

Տիգրանը զոհվել է Հադրութում, երբ 76 անձից բաղկացած ջոկատով մեկնել էին հանձնարարություն կատարելու և հայտնվել հակառակորդի՝ թվաքանակով իրենց մի քանի անգամ գերազանցող, հատուկ ջոկատայինների ծուղակում:

Տիգրանին հողին հանձնեցին դեկտեմբերի 26-ին՝ զոհվելուց շուրջ երկուսուկես ամիս անց: Նրա մարմինը զոհվելուց երկու ամիս անց՝ դեկտեմբերին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գտան: Հայրը որդու մարմինը փնտրելու ժամանակ գտավ նաև իր որդու զինակից ընկերների մարմինները, որոնցից շատերը վիրակապված էին: Ամենայն հավանականությամբ, կռվի դաշտում Տիգրանն առաջին բուժօգնություն էր ցույց տվել վիրավոր տղաներին՝ նրանց վիրակապելով:

-Տղաս հասցրել է վիրակապել, բայց չեն հասցրել իրենց այնտեղից հանել, որովհետև գրավյալ տարածք է եղել: Անգամ ասում են, թե նրանցից 7 հոգի ողջ էին մնացել, բայց խնդրել էին իրենց օգնության չգնալ, որովհետև անհնար էր նրանց այնտեղից հանել,- պատմում է Արմինեն: Որդու կորստի ցավին միաձուլվեց նաև 8 ամիսների կարոտը, քանի որ համավարակի պատճառով Արմինեն չկարողացավ տեսնել Տիգրանին:

Լինելով վաշտի բուժակ՝ նա հմտորեն էր կատարում իրեն վերապահված պարտականությունները: Մասնագիտությամբ բուժքույր՝ մորական Իրինա տատիկը, պատերազմական օրերին հեռախոսազանգով աջակցում էր թոռանը՝ իր արժեքավոր խորհուրդներով: Մոր վկայությամբ, վաշտի տղաների որոշ ծնողներ իրեն շնորհակալություն են հայտնել Տիգրանի արարքի համար, որ գոնե կյանքի վերջին րոպեներին նրանց որդիներն անտեսված չեն եղել, քանի որ Տիգրանը խնամքով վիրակապել էր վիրավոր տղաներին …

Մինչ օրս բազմաթիվ նամակներ է ստանում Արմինեն... աչքերի առջև կրկին վեր է հառնում որդու լուսավոր կերպարը... խոսուն է նրա՝ ամեն ինչ ասող, հայացքը:

Տիգրանի ժպտացող լուսապատկերը Եռաբլուրում շատերին է ձգում: Մայրն ասում է՝ հենց այդ լուսանկարի շնորհիվ հարյուրավոր մարդիկ իրեն մոտենում են, գրում, սփոփանքի խոսքեր ասում, կիսում իր վիշտը:

-Տիգրանը սիրած աղջիկ ուներ: Բայց Տիգրանն ունի նաև երկրպագուներ, ովքեր նրան են սիրահարվել իր մահից հետո,- նշում է Արմինեն՝ շարունակելով, որ նրանց շնորհակալական, ջերմ ու սիրո խոստովանություններով լի նամակները, նվերները նա գտնում է որդու շիրմի մոտ:

Նշենք, որ Երևանի հ. 104 դպրոցում, որտեղ Տիգրանն է սովորել, դասասենյակներից մեկը կրում է Տիգրանի անունը, որն անակնկալ էր որդեկորույս մոր համար, բայց և՝ հաճելի, որ որդու մասին սերունդներ են իմանալու:

Թերթելով Արմինեի ֆեյսբուքյան էջը՝ ակամայից ուշադրությունդ սևեռվում է բարեկամ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԲԱՐՅԱՆԻ բանաստեղծախառը նամակին, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը.

-Հայաստան ասելիս,- քթիս տակ արտասանելով՝ բացում եմ մայրիկիդ էջն ու կարդալով-արտասանելով իջնում եմ ներքև,- աշխարհն իմ տունն է: Ոչի՛նչ, թող արցունքները հոսեն, տաք-տաք գլորվեն, այրեն այտերս, թող չթողնեն բառերը կարդալ... Հայաստան ասելի՛ս...

Լուսանկարնե՛րդ... Համարյա ամեն օր Արմինե մայրիկդ մի-մի հատ դնում է ու հետն էլ՝ մի երկու բառ, մի քանի տող, ու բոլորն էլ՝ կախման կետերով: Տեղ կա՝ չի դրել, բայց պարզից էլ պարզ է, որ ինձ նման նա էլ է խեղդվել արտասուքներից ու պարզապես չի հասցրել դնել: Ոչի՛նչ, ես եմ դնում մտքում... Որովհետև Հայաստան ասելի՛ս... Թե՞ Տիգրան ասելիս... Տիգրան ասելիս Հայաստանն իմ տունն է... Է՛, կարծես խառնեցի... Լուսանկարներիդ, անմեղ ու լուսավոր դեմքիդ նայողը ո՞նց չի խառնի... Սահյան, դու՝ ինձ ներո՛ղ, հիմա ճիշտ ու սխալ որոշելու ի՞նչ ժամանակն է...

Լուսանկարներիդ արանքում մի բացիկ է հայտնվում՝ սևակյան տողերով.

«Ամեն մեկը՝ մի տան ճրագ,

Ամեն մեկը՝ մի արեգակ...»:

Հայաստան ասելի՛ս... Երկար պարանոցով, գեղեցիկ մի դեմք է բարի ժպտում... Թե՞ ծիծաղում է: ...Էլ մահը ո՞ւմ շունն է... Վարակիչ է ժպիտը կամ գուցե ծիծաղը: Ակամա ժպտում եմ: Թե՞ ծիծաղում եմ: Աչքերս կտայի, որ աչքերդ մի պահ բացվեին ու կենդանի՜ ժպտային... Ու ծիծաղեին: Բայց իսկապե՜ս, այս ժպիտի զորության դեմ «էլ մահը ո՞ւմ շունն է»...

Մորաքրոջ որդին՝ Վահեն, եղբոր կորստից հետո սկսել է բանաստեղծական տողեր ձոնել Տիգրանին.

-Ամեն երեկո երազիս գալիս,

Ինձ ապրեցնող հուշեր ես տալիս,

Այնպե՛ս եմ ուզում՝ երազ չլինի՝

Իրական կյանքից մի դրվագ լինի:

Մոր հավաստմամբ, շուտով լույս է տեսնելու Տիգրանի մասին պատմող գիրքը: Գրքում Տիգրանին ճանաչողների հուշերն են՝ 19-ամյա հայորդու նկարագիրն ամբողջացնող պատմությամբ:

Տիգրան Շահբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Արիություն» մեդալով:

...Ու տխրագին ծորում է պատմությունն այս՝ Տիգրանի կերպարը հավերժության ոսկե մատյանին պահ տալու համար...

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» շաբաթաթերթ

Գլխավոր խմբագիր՝ ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութի հեղինակ՝ ԱՐԵՎԻԿ ԲԱԲԱՅԱՆ