Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

800 թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով՝ ես անմահ եմ, ես ուժեղ եմ

Նոյեմբերի 05, 2023

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։  Զբաղվել է լողով, կարատեով և շախմատով։  2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է «Առաջին Հայկական Ճակատ»-ին։ Ակտիվ, կենսուրախ, ընկերասեր էր Հայկազը։ Փոքր տարիքից պայքարում էր անարդարության դեմ, ամեն հարցում ընկերների կողքին էր, իսկ տարբեր չարաճճիությունների ժամանակ, առանց մեկ վայրկյան մտածելու ամեն ինչ իր վրա էր վերցնում։ 


Հայկական բանակ Հայկազը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 23-ին։ Առաջին պատերազմական փորձը ձեռք է բերել 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Մեհրաբի զորամասում եղել է կրտսեր սերժանտ՝ ականանետային հաշվարկի հրամանատար։ Հուլիսյան մարտերի ժամանակ Մեհրաբի դիրքերն է գրոհում թշնամին․ այդ ժամանակ արդեն լավագույն զինծառայողներից ձևավորվել էր համահավաք մարտկոց, որում ընդգրկվել է նաև Հայկազը։ Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:

Մարտական գործողությունների ժամանակ դրսևորած ճշտապահության, քաջության ու կազմակերպվածության համար արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»: 

Երբ սկսվել է 44-օրյա ատերազմը, Հայկազին մտահոգել է այն, որ իրենք Արցախում չեն՝ մյուս տղաների կողքին։ Ընտանիքի հետ խոսելիս ասել է․ «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»:  

Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրայիլ)։ Մկրտչյան Հայկազը անընդհատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Նրա հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց, վերջում թիվը հասցնելով 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը այդպես էլ անկատար մնաց։ 

Քույրը պատմում է, որ ռազմի դաշտում աչքերը փայլում էին, երջանիկ էր, որ հենց այդտեղ է:

«Գիտե՞ք, քանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»,- ընտանիքի անդամներին պատմել է անմահացած հերոսը։

Հոկտեմբերի 29-ին թշնամու կիրառած Բայրաքթարի հարվածից վիրավորվել է Հայկազն ու 12 օր պայքարել ապրելու համար և անմահացել նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մեկ ժամ առաջ։ Նրան հետմահու արժանացրին Մարտական ծառության մեդալի։ 

Հրամանատարը պատմել է, որ Հայկազը երբեք չէր տրտնջում, միշտ կազմ-պատրաստ կանգնած էր ու կազմակերպված, երբեք վախի նշույլ կամ խուճապ չէիր կարդա նրա դեմքին, միշտ բոլորին շտապեցնում էր ու հորդորում կենտրոնացած ու օպերատիվ աշխատել՝ չէ՞ որ տղաները այնտեղ պայքարում են թշնամու դեմ։

«Արցախից զանգելուց այնպիսի հպարտությամբ էր զանգում, անասելի հպարտ էր, որ Արցախում է, այնտեղ պայքարում է»,-պատմում է Հայկազի քույրը՝ Արևիկը։

Ստորև ներկայացնում ենք Հայկազի մտքերից մի քանիսը՝

«Գիշերը գալիս է, ու սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես Թուրն եմ մթության մեջ: Ես հսկողն եմ: Ես Վահանն եմ, ով պահպանում է մարդկային թագավորությունը:  Ես իմ կյանքն ու պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին։

Հունվարի 22, 2019 թ»։ 

«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում ուղղակի, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, կարանք կեղտոտ, փնթի տեղ զուգարան գնանք, կարանք սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կեղտոտ էլ մնանք, էդ ընդհանրապես կարևոր չի: Կարևորը, որ դու հասկանաս էդքանը: Ու էդ թեթև հարցեր են երեխայական: Կարևորը դրսից չխոսելն ա: Դրսի մարդիկ պիտի ընդհանրապես բան չխոսան ՊՆ-ի, բանակի մասին: Ոչ մի բան: Իրավունք չունեն: Էն, ինչ պետք ա, ստեղ անում ենք: Ու ինձ դզում ա արդեն ստեղ։

Փետրվարի 22, 2020թ, Մեհրաբ։ 

«Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞: Իրենց համար ո՞նց չկռվենք

Ես էստեղ պոստ եմ պահել 2 տարի, 2 տարի ցրտին, շոգին, սոված, ծարավ, քնաթաթախ էդ պոստերն եմ պահել: Ո՞նց կարամ ես մի քանի վախտ հետո տենամ՝ ոնց է թշնամին  իրենց վերցրել։ Մենք պիտի կռվենք։

Էդ մի անգամ անելով չի, մի անգամ կռվելով չի։ Պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ Ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորչի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: 

hraparak.am