Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Մեխակ Մեխակյան. Զինադադարից ութ օր առաջ

Հուլիսի 23, 2023

Նա քայլեց չհայտարարված պատերազմի հետ սկզբից մինչեւ վերջ ու ավարտեց իր գործը մի փոքր ավելի շուտ: Անմահություն թողեց ու քարտեզի վրա հաղթական նշումներ…

Մեխակ Մեխակյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 27-ին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղում: Ավարտել է մանկավարժական համալսարանի պատմաիրավաբանական բաժինը, ու հազարերորդ անգամ թերթելով սիրելի պատմության էջերը՝ չի էլ մտածել, որ մի օր մասն է դառնալու այդ պատմության:

Մենուա, Արգիշտի, Լուսինե, Նռանե զավակների անուններն արդեն իսկ խոսում են հերոսի մասին:

1989 թվականին Մեխակ Մեխակյանը մեկնում է Արցախ եւ մասնակցում ինքնապաշտպանական մարտերին:

1990 թվականի ամռանը՝ գարնանային տեղահանություններից հետո, բռնությունների ալիքը տեղափոխվել էր Մարտակերտ, եւ սպասվող հարվածն ուղղված էր Հաթերքին: Մեխակն իր ջոկատով նետվում է Հաթերքի պաշտպանությանը՝ կանխելով հակառակորդի ծրագրերը: Ավելի ուշ ջոկատը վերադառնում է Հադրութ՝ մասնակցելու գարնանը տեղահանված գյուղերի ազատագրմանը: Այնուհետեւ Մեխակին վստահվում է Ակնաղբյուրի եւ գյուղի վրա իշխող Խրմնջուկի բարձունքի պաշտպանությունը:

1992 թվականի մասյիի կեսերին թշնամին, պարտություն կրելով Շուշիում եւ Լաչինում, փորձում է պատասխան հակահարձակման անցնել Էդիլուի ենթաշրջանի ուղղությամբ: Սակայն, հանդիպելով համառ դիմադրության, ետ է նահանջում: Այդ մարտերի ժամանակ Մեխակը ոտքից ծանր վիրավորվում է: Հազիվ ապաքինված՝ վերադառնում է զորամաս եւ գործուն մասնակցություն ցուցաբերում Ֆիզուլիի թշնամական կրակակետերի ոչնչացմանը: Մեխակի մտահղացմամբ, ջոկատը փոքրաքանակ զինվորներով շրջանցում է հակառակորդի դիրքերը, ամրանում նրանց թիկունքում եւ առավոտյան երկկողմանի խաչաձեւ կրակի տակ ընկած հակառակորդը թողնում է դիրքերը՝ բացելով Ֆիզուլի տանող ճանապարհը: Այս եղանակը Մեխակը կիրառում է նաեւ 1994 թվականի գարնանը՝ Թալիշ-Մատաղիս գործողության ժամանակ:

Մայիսյան անձրեւոտ գիշերներից մեկը լուսանում է առանց Մեխակի: Նրա կյանքն ընդհատվում է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Ընդունված է ասել, որ մայիսը հաղթանակների ամիս է: Բայց ասենք նաեւ, որ մեր ժողովրդի համար օրացույցի ամեն մի օրը հաղթանակի, ցավի ու անվերջ պայքարի մի պատմություն է:

Հաղթանակների մայիսը ծնեց նրան, ու մայիսին էլ ընդհատվեց նրա հաղթական ուղին: Սակայն պատմության մեջ մնաց ամրագրված մի փաստ, որ եթե չլիներ Մեխակ Մեխակյանի հաստատակամությունն ու նվիրումը, թերեւս հնարավոր չլիներ պահել Թալիշի վերին բարձունքից մինչեւ Մարտակերտի դաշտային հատվածը ձգվող լեռնաշղթան, իսկ եթե այն գրավվեր, ապա ութ օր հետո կամ զինադադար չէր հաստատվի, կամ էլ կհաստատվեր Արցախի հյուսիսային սահմաններից ներս խորացած ռազմաճակատի բոլորովին այլ գծով:

1995 թվականի հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մարտերում ցուցաբերած արիության, խիզախության եւ հերոսության համար IV զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Մեխակ Մեխակյանին հեմահու շնորհվել է հերթական զինվորական կոչում՝ փոխգնդապետ:

«Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, փոխգնդապետ Մեխակ Վալենտինի Մեխակյանի անունը հավերժ ընդգրկվել է զորամասի ցուցակներում: Հետմահու պարգեւատրվել է նաեւ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով:

Մեխակ Մեխակյանը սիրում էր կրկնել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում»:

freedomsoldiers.wordpress.com