Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

<<Արցախի հերոս>> Հովհաննես Ավագյան

Հուլիսի 10, 2023

Պատերազմի օրերին զինվորների համար ոգևորիչ ու հուսադրող էր, երբ իրենց կողքին հավասարապես մարտնչում էին նաև իրենց սպաներն ու հրամանատարները: Լավագույն սպաներն իրենց զինվորներին մենակ չեն թողել. նրանց համար հայրենիքն ամեն բանից վեր էր՝ ընտանիքից, սեփական կյանքից ու պաշտոնից: Նրանք են, որ ապացուցել են՝ շարքային զինվորից մինչև գնդապետ ու փոխնախարար ունեն զինվորականի նույն առաքելությունը, այն է՝ հարկ եղած դեպքում անգամ սեփական կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար:

Այդ առաքինի սպաներից է նաև Արցախի հերոս Հովհաննես Սոսիկի Ավագյանը, ով 44-օրյա պատերազմում ոչ թե ապաստարաններից էր ղեկավարում մարտը, այլ՝ զենքը ձեռքին զինվորի կողքին հավասարապես կռվելով:

Ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար), Արցախի հերոս Հովհաննես Սոսիկի Ավագյանը ծնվել է 1973 թ. նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սոսիկ Ավագյանի և Անժելա Ղազարյանի ընտանիքում: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ քույր՝ Անուշ Ավագյանը։

Սովորել է Գ. Մահարու անվան թիվ 176 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռաբար հաճախել է ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզումների, կիթառի դասընթացների, մասնակցել է բազում օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ գրանցել։

Ավարտել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։

1990-1995 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկերի բաժնում, ավարտել է կարմիր դիպլոմով։ 1995-1996 թվականներին սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է կարմիր դիպլոմով։ Ավարտելով ռազմական համալսարանը՝ 1996-2001 թվականներին ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։ 2000 թվականին ամուսնացել է Ինեսսա Դանգալյանի հետ։ Ունեն երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյանները։

2001-2003 թվականներին սովորել և լավագույն արդյունքներով է ավարտել Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 2003-2004 թվականներին աշխատել է է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ։ 2004-2008 թվականներին եղել է  Վանաձորի N զորամասի շտաբի պետ, 2008-2011 թվականներին՝ Վարդենիսի N զորամասի հրամանատար, իսկ 2011-2013 թվականներին՝ Բերդի N զորամասի հրամանատար։ 2013-2017 թվականներին եղել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ 2017-2019 թվականներին սովորել է ռազմական նշանակության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում և այն ավարտել ոսկե մեդալով։ 2019-2020 թվականներին եղել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ։ 2020 թվականից ծառայության է անցել ԱՀ ՊԲ-ում՝ որպես հրամանատարի տեղակալ (փոխնախարար)։ 2020 թվականի հուլիսին ՊԲ փոխհրամանատար նշանակվելուց հետո նա իր ամբողջ ներուժը դրեց Արցախի բանակաշինության մեջ և մինչև վերջ մնաց Արցախի կողքին՝ մինչև վերջին շունչը։

2020թ. 44-օրյա պատերազմը սկսվելուն պես Հովհաննես Ավագյանը շտապել է Մատաղիս։ Մասնակցել է թեժ մարտերի, շրջափակման մեջ  ընկել կամավորների հետ, բայց իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ողջ և առողջ դուրս  եկել՝ փրկելով զինակիցներին:։

Մասնակցել է  նաև Մարտակերտի,   Ջրականի,  Հադրութի, Մարտունու, Շուշիի համար մղվող մարտերին։

Զինակից ընկերներն ու ականատեսները պատմում են, որ փոխնախարարը, չնայելով իր պաշտոնին և դիրքին, զենքը ձեռքին համառ պայքար է մղել թշնամու դեմ և զոհվել  զինվորի կողքին, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած  «муха» զենքի կրակից։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում` Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Հովհաննես Ավագյանն արժանացել է Արցախի հերոսի կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե Արծիվ» մեդալով:

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած երկարամյա ավանդի ընթացքում Հովհաննես Ավագյանը պարգևատրվել է նաև ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և  ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Հ. Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «Հայրենիքի պաշտպանության համար ՂՊՎՍ», «Հաղթանակ», «Զինվոր հայրենյաց», «ԵԿՄ 20 տարի», «Մայրական համագործակցության համար» մեդալներով, Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալով, ««Ազատագրում 1988-1994» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալներով, «За отличное окончание Военного вуза» ՌԴ ԶՈՒ կողմից ոսկե մեդալով և  «Ուսման գերազանցիկ» ՀՀ ՊՆ կողմից շքանշանով:

Հայրենիքին սիրահարված սպան իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի բանակաշինությանը։ 44-օրյա պատերազմից բացի՝ նա իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև 2016թ. 4-օրյա պատերազմին:

Արցախի համար այդ օրհասական օրերին գնդապետ Ավագյանը նորից Արցախի կողքին էր։

2021 թվականի հունվարի 27-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ի պատիվ լեգենդար հերոսի, բացվել է լսարան։

Նրա դուստրը՝ Նելլի Ավագյանը, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքն իր հայրիկին որպես սպա սկսել է ճանաչել նրա զոհվելուց հետո:

«Ինքը երբեք իր աշխատանքը տուն չէր բերում: Տան դռնից ներս մտնելով՝ նա ուրիշ մարդ էր դառնում: Անսահման նվիրված, ուշադիր ու նրբանկատ անձնավորություն էր ընտանիքում: Շատ էր սիրում մեզ հարցեր տալ ուսման, գիտության վերաբերյալ, և եթե ինչ-որ հարց չէինք իմանում, նա ոչ թե ուղղակի ասում էր պատասխանը, այլ ասում էր՝ գնացեք, փորփրեք և ինքներդ գտեք հարցի պատասխանը: Իսկ եթե դժվարանում էինք այդ հարցի վերաբերյալ ինչ-որ նյութ գտնել, նա վերջում բացատրում և սովորեցնում էր»,-ասել է Ն. Ավագյանը:

Կրթությունը Հովհաննես Ավագյանի համար միշտ առաջնային էր, և պատահական չէ, որ նույն մոտեցումն էր ցուցաբերում նաև զավակների նկատմամբ՝ չնայած զինվորականի հագեցած առօրյային:

«Ուսման մեջ շատ էր օգնում մեզ: Դպրոցում ինչ-որ բան միշտ կիսատ էր մնում ու հարցեր էին ծագում, մենք միշտ սպասում էինք, որ երեկոյան հայրիկն աշխատանքից գա տուն ու հարցերի պատասխաններն ստանանք: Նա ամբողջացնում էր մեր գիտելիքները»,- նշել է Ն. Ավագյանը:

Հովհաննես Ավագյանն իր կյանքի փորձով քայլող օրինակ էր զավակների համար:

«Նա կարողանում էր համատեղել և՛ անձնական կյանքը, և՛ զինվորական աշխատանքը, և երկու տեղում էլ չէր թերանում, որն, իմ կարծիքով, ամենակարևորն է, երբ կարողանում ես հավասարապես ուշադրություն և ժամանակ հատկացնել թե՛ ընտանիքիդ, թե՛ աշխատանքիդ: Նա կարողանում էր ազատ ժամանակ գտնել նաև ընտանիքով քաղաքից դուրս կամ ինչ-որ տեսարժան վայրեր գնալու համար»,-ասել է հերոսի դուստրը:

Հոր կողմից դուստրերին փոխանցված ամենակարևոր պատգամը նպատակասլացությունն էր:

«Մեր կյանքում, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ամեն ինչ հետաձգվում էր, բայց պետք է քո առջև նպատակ դնես ու կամաց-կամաց քայլերով կարողանաս հասնել դրա իրագործմանը»,-նշել է Ն. Ավագյանը:

Հովհաննես Ավագյանը սկզբում ընտրել էր տնտեսագետի մասնագիտությունը, սակայն ավարտելով համալսարանը՝ ընտրում է ռազմական ուղին:

«Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը կոչ էր արել, որ նոր կազմավորվող բանակին կրթված սպաներ են պետք, որպեսզի օգնեն նրա կազմավորմանը: Հայրս, ինչպես բոլոր տղաները, պետք է ծառայության անցեր, սակայն որոշում է ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այն ավարտել ու անցնել ծառայության՝ որպես սպա: Այնպես է ստացվում, որ հենց սկզբից նրան նշանակում են Թալիշում: Նա տեղափոխվում է և 5 տարի ծառայում Թալիշում»,- պատմում է Ն. Ավագյանը:

Նրա խոսքով՝ հայրը չէր կարողանում կտրվել Թալիշից, և ամեն ինչին շատ պատասխանատվությամբ էր մոտենում:

«Ծառայությունն էլ նման ձև անցկացնելով, տեսան, որ նա գրագետ սպա է ու լավ կարողանում է գլուխ հանել գործից, այդ հանգամանքներով պայմանավորված՝ նա մնաց բանակում ու շարունակեց իր հետագա կարիերան»,-ասել է Ն. Ավագյանը:

Հովհաննես Ավագյանը շատ կապված էր Արցախին, և ոչ մի առիթ բաց չէր թողնում  դուստրերին Արցախ տանելու համար:

«Երբ-որ մենք  2020թ. տեղափոխվեցինք Արցախ, միշտ առաջարկում էին  ինչ-որ տեղ գնալ ու տեսնել: Մենք հասցրել էինք գրեթե բոլոր վայրերում լինել, և դա հայրիկի շնորհիվ է: Նույնիսկ Գորիսում ծառայության ժամանակ՝ կարող է ազատ լինեինք, գնայինք Ստեփանակերտում շրջեինք ու հետ գայինք:

2019-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտում և վերադառնում է Հայաստան՝ նշանակվելով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ։

Նելլի Ավագյանի խոսքով՝ հայրը նեղվում էր իր պաշտոնից, քանի որ չէր կարողանում իր ողջ ներուժն ու գիտելիքները ներդնել բանակաշինության գործում:

«Համապատասխան պաշտոն չէր սպայի համար, ով ուներ կրթության բարձր աստիճան ու գիտելիքներ, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն տարիները, որ նա էր նվիրել իր ծառայությանը: Բայց երբ որ եղավ ԱՀ ՊԲ փոխնախարարի պաշտոնում ծառայության անցնելու առաջարկ, նա առանց վարանելու համաձայնեց, որովհետև դա այն աշխատանքն էր, որտեղ նա կարող էր ինչ-որ բան փոխել ու անել բանակի համար: Եվ այդպես մենք տեղափոխվեցինք Արցախ»,- նշել է նա:

Հովհաննես Ավագյանը ոչ միայն ռազմական գործում էր առաջամարտիկ, այլ նաև կրթության ասպարեզում: Նա կարևորում էր նաև ռազմահայրենասիրական կրթությունը, և այդ ասպարեզում ևս ունի իր ներդրումը:

Վարդենիսում ապրելու տարիներին, Հովհաննես Ավագյանի կինը երգի ուսուցչուհի էր աշխատում դպրոցում: Ինեսսա Դանգալյանը հաճախակի էր ռազմահայրենասիրական  միջոցառումներ կազմակերպում: Այդ տարիներին դպրոցը շատ անմխիթար վիճակում էր, չկար ռազմահայրենասիրության սենյակ, սակայն Հ. Ավագյանն իր միջոցներով  կարողանում է բացել այդպիսի դասարան:

Հ. Ավագյանը միշտ ժամանակից շուտ էր հասնում աշխատավայր: Սեպտեմբերի 27-ի առավոտյան նույնպես շատ շուտ էր դուրս եկել տնից:

«Քնած էինք, արթնացանք դղրդոցից: Ինձ թվաց՝ հայրիկն էր ուժեղ փակել դուռը, բայց այդ ժամանակ եկավ մայրս ու ասաց, որ շուտ հագնվենք՝ պատերազմ է: Ես մոտեցա պատուհանին ու տեսա, թե ինչպես են ռումբերը թափվում դիմացի սարերի վրա: Այդ ժամանակ հայրս զանգեց մայրիկին, հարցրեց՝ ի՞նչ ենք անում, մայրս էլ ասաց, որ գիտենք՝ պատերազմ է, իջնում ենք նկուղ, իսկ հայրս էլ ասաց՝ ճիշտ եք անում ու անջատեց հեռախոսը: Մենք 1 տարեկան քույր ունեինք: Իջանք նկուղ, սակայն  երեխայի հետ ահավոր էր նկուղում մնալը: Ամսի 28-ին եկանք Երևան: Նա մեզ հետ կապի դուրս չեկավ մի քանի օր, սակայն մենք նրա մասին տեղեկություն ունեինք՝ ուր է, ինչ է անում, այսինքն՝ տեսնում էինք, որ գործի մասին է մտածում: Մեզ հետ կապի դուրս եկավ մի քանի օր հետո: Ասաց՝ գիտեմ, որ Երևանում եք, ամեն մեկից հարցրեց անհատական, իսկ իր որպիսության մասին կարճ պատասխանեց՝ լավ եմ»,-պատմում է Ն. Ավագյանը:

Նելլին հիշում է, որ պատերազմի նախօրյակին հայրը մտազբաղ էր, բայց ոչ մի բան չէր ասել պատերազմի հնարավորության մասին:

ՊԲ փոխնախարարը պատերազմի ողջ ընթացքում իրեն հասարակ էր պահում:

«Կամավորների խմբին երբ որ ուղղություն էր տալիս, նրանցից ինչ-որ մեկն ասել էր՝ այդ մարդուն լսեք, խելացի բաներ է ասում, իսկ կողքից մեկ ուրիշն էլ ասել էր՝ այդ մարդը ՊԲ առաջին տեղակալն է: Միայն այդպես են իմացել, որ հայրս կամավորներից մեկը չէ, այլ սպա է: Մի անգամ էլ իր կուրսանտներից է հանդիպել պատերազմի օրերին, կատակով հարցրել՝ թե ինքն ի՞նչ է անում այստեղ, հետո տարել իր համար նախատեսված սնունդը տվել նրան»,-ասել է. Ն. Ավագյանը:

Դստեր խոսքով՝ մի անգամ էլ Եռաբլուրում էին, երբ մի տղա մոտեցավ իր հոր հետ: Իրենք հարցրին՝ արդյո՞ք ճանաչում են Հովհաննեսին, ինչին ի պատասխան՝ տղան նշեց, որ 500 հոգու փրկել էր շրջափակումից առանց զոհ տալու, հիմա էլ հորն է բերել հրամանատարի հետ ծանոթացնելու:

Նմանատիպ շատ պատմություններ է լսել Նելլին:

«Մաղավուզում են շատ դեպքեր եղել, որ նորից փրկել է զինվորներին շրջափակումից: Պատմում են անգամ, որ զինվորների հետ հավասար հողն էր փորում նոր դիրքերի համար, և այսօր այդ շրջանում մնացած դիրքերը հենց հորս ձեռքերով փորված դիրքերն են», — նշել է Նելլին:

Հոր կորստից ու պատերազմի ելքից հետո Նելլիին թվում էր, թե այլևս չի կարողանա Արցախ գալ, բայց նա կարողացավ հաղթահարել այդ ամենն ու ամռանը կրկին Արցախում էր:

«Ահավոր էր այդ ճանապարհն անցնել սթրեսներից ու կորուստներից հետո: Ես միշտ զարմանում եմ արցախցիների կամքի վրա, որ այդ ամենը վերապրելով՝ նորից վերադարձել են Արցախ: Նույնիսկ նախքան պատերազմն այդքան աշխուժություն չէինք տեսել: Մի երկիր, որ այսպիսի ժողովուրդ ունի, չի կարող վատ ավարտ ունենալ: Վստահ եմ՝ ամեն բան շատ լավ է լինելու»,- եզրափակել է Նելլի Ավագյանը:

aparaj.am