Երեքշաբթի, Հունիսի 10, 2025
Երեքշաբթի, Հունիսի 10, 2025

Խաղաղություն եմ ուզում

Հունիսի 08, 2022

Ես գույն առ գույն հավաքել եմ մի դիմանկար, մի պատմություն հայրենիքի համար պատերազմում զոհված հերոս զինվոր Համլետ Բադալյանի մասին: Մանկությունից մինչև վերջին ճակատամարտը: Ես ո՛չ նկարիչ եմ, ո՛չ ռեժիսոր, բայց այս անգամ, չգիտես ինչու, իմ գլխում բառերի փոխարեն փոքրիկ շարժանկար պատկերներ են: Ահա առաջին պատկերը; Խնջույք է, բոլորը զվարճանում են, խոսում, պարում, մի փոքրիկ երեխա՝ 3-4 տարեկան, աղմուկից հեռու, խոտերի վրա նստած՝ լուրջ ու սևեռուն հետևում է միջատների շարժին, շոյում է զատիկների պտավոր մեջքը, ձեռքով հարթում է ցորենի հատիկ քարշ տվող մրջյունի ճանապարհը: Հետո տեղավորվում է գետաբերանին ու սպասում, թե երբ մանրիկ ձկները կհայտնվեն ջրի վրա:

Հետո նույն տղան, արդեն քիչ ավելի մեծ, նստած է աշակերտական նստարանին: Նրա տետրերը, գրքերը հավասար շարքով շարված են սեղանին, այնքան մաքուր ու նոր են, ասես՝ ձեռք տված չլինեն: Տղան նույնպես կոկիկ է, անթերի: Դասարանում ինչ-որ բան են քննարկում եռանդով, բոլորը խոսում են, բացի տղայից: Նա երկար լսում է, հետո մեղմ ինչ-որ բան է ասում, ու դասարանում պայթում է քրքիջը: Ուսուցչուհին նույնպես ծիծաղում է, իսկ տղան ժպտում է միայն:

-Լուռ, զուսպ տղա էր, բայց ինչ-որ ներքին ձգողականությամբ բոլորին իր շուրջն էր հավաքում,- ասում է Համլետի մայրը,- և՛ դասընկերները, և՛ ուսուցիչները շատ էին սիրում տղայիս: Ասում էին՝ եթե Համլետը չի մասնակցում որևէ միջոցառման, ապա այն կազմակերպելն իմաստ չունի: Նա գիտեր՝ ինչպես համախմբել բոլորին: Ինչպես գտնել բոլոր հարցերի լավագույն լուծումը, որ ոչ ոք չտուժի: Դասարանի հաշտարարն էր: Որտեղ Համլետն էր, այնտեղ խաղաղություն էր, փոխըմբռնում, սեր:

…Ես մի կերպ եմ լսում զինվորի մորը, Կարինեի ձայնը արձագանքում է գլխիս մեջ, ձուլվում հերթական մտապատկերին, ուր դպրոցական Համլետն է: Մշտապես կոկիկ, արդուկված, փայլուն տղան այս անգամ ցեխակոլոլ է, ճմռթված շորերով ու արյունլվա:

-Իսկ Դուք ասում եք՝ հանգիստ էր, խաղաղարար:

Մոր հարցական հայացքից հասկանում եմ, որ բարձրաձայն եմ մտորել.

-Ձեր պատմածը հիշեցի՝ որ ցեխի մեջ կորած, աչքի տակը՝ կապույտ, եկել է տուն ու ասել, որ ընկել է,- բացատրում եմ:

-Երբեմն, շատ հազվադեպ, երբ համոզելու բոլոր միջոցները սպառվում էին, կռվում էր: Բայց բոլոր կռիվները ինչ-որ մեկին պաշտպանելու համար էին, բառացիորեն՝ բոլորը: Համլետս փոքրամարմին էր, բայց ֆիզիկապես ուժեղ էր, ձյուդո էր պարապել, ֆուտբոլ էր խաղում «Ալաշկերտում», բայց իր ուժը ցուցադրել չէր սիրում: …Նա ճշմարտախոս էր, երբեք չէր ստում, որքան էլ ճշմարտությունը վնասեր իրեն: Ծեծկռտուքները բացառություն էին, ասում էր՝ ընկել եմ: Առհասարակ, Համլետս ճշգրիտ էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում, ամաչում էր սխալ բան անելուց:

-Ոչ մի թերություն չունե՞ր:

Չեմ հասկանում, թե ինչու, բայց ես ուզում եմ, որ տղան թերություն ունենա, որ չլինի այդքան … անիրական, երկնային:

Մայրը օրորում է գլուխը:

-Ես հիվանդ էի ու կյանքիս գնով լույս աշխարհ բերեցի Համլետիս: Երկու աղջիկ ունեի, ու տասը տարվա ընդմիջումից հետո ծնվեց Համլետս: Ոչ միայն մեր ընտանիքի, այլև մեր ամբողջ գերդաստանի ամենասիրելին էր: Երես էինք տալիս, բայց երբեք եսակենտրոն չդարձավ: Մեր սիրուն ավելի մեծ սիրով պատասխանեց:

…Տաղանդավոր տղա էր, դեռ դպրոցական՝ ընկերների, ծանոթների համակարգիչներն ինքն էր նորոգում, անվճար ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ: Զուգահեռ աշխատում էր, որ ֆինանսապես օգնի մեզ: Այնքա՜ն երազանքներ ուներ, այնքա՜ն ծրագրեր:..Տարկետման իրավունքից չօգտվեց, գնաց բանակ:

Ես հիշում եմ, որ մայրը առաջին անգամ է խոսում որդու հայրենասիրության մասին:

-Իսկ հայրենասիրական մղումնե՞րը…

-Համլետս ինքնամփոփ էր, սակավախոս: Առհասարակ, նա գործի մարդ էր. չէր սիրում վերամբարձ, զգայացունց խոսքեր ասել: Երբ եկավ գործելու ժամանակը, նա ցույց տվեց իր հայրենասիրությունը: Ես Համլետի զոհվելուց հետո եմ իմացել, որ տղայիս տարել են Արցախ: Գրեթե ամեն օր խոսում էինք իրար հետ հեռախոսով: Լավ եմ՝ ասում էր, հետո իմացա, որ կրակի ամենաթեժ կետերում է եղել:

«Շարքային Համլետ Բադալյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին: 2020 թ. հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը քաջաբար մարտնչել է Ջրականում, իսկ հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 1-ը մարտը շարունակել է Նռնաձորի շրջանում՝ պաշտպանում էր 44 մարտական դիրքը: …Նոյեմբերի 1-ին զինակից ընկերների հետ կատաղի մարտ է մղել հակառակորդի անհամեմատ մեծաքանակ ուժերի դեմ: Հետո չկատարելով նահանջի հրամանը՝ մնացել է դիրքում, որպեսզի կարողանա դուրս բերել շրջափակման մեջ մնացած ընկերներին: Շարքային Համլետ Բադալյանը զոհվել է նոյեմբերի 1-ին՝ հայրենիքի պաշտպանի սուրբ ու հերոսական մահով…»:

Սա հատված է շարքային Համլետ Բադալյանի «Մարտական ուղուց», զորամասի հրամանատար, գնդապետ Ա Թադևոսյանի ստորագրությամբ։

-Տղայիս ընկերներով եմ մխիթարվում,- ասում է զինվորի մայրը,- իմ տղան միակ զոհն է, բոլոր դասընկերները վերադարձել են պատերազմից: Նրանց գրկում, սեղմում եմ կրծքիս ու առնում եմ որդուս կարոտը: Ուզում եմ, որ պատերազմի արհավիրքը էլ երբեք չկրկնվի: Ես միայն խաղաղություն եմ ուզում:

hayzinvor.am